ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից փետրվարի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.82 մլն դրամի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 2.35 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես & laquo;Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 52.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 277.12 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ հինգ գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 1.14 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 80 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նմանատիպ խախտման համար կայացվել է 200 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 699.15 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 25.7 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նորմերի խախտման համար կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

 

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Առգրավված 22.8 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է 13 կգ (126հատ) տիրազուրկ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Առգրավվել է նաև տիրազուրկ 22 հատ ձկնորսական ցանց:

 

Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 220 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 6 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է երկու որսորդական հրացան:

 

Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 8 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Առգրավվել է նաև 12 գծամետր ձկնորսական ցանց:

 

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է որսի կանոնների խախտման 5 դեպք: Առգրավվել է որսորդական 5 հրացան: Հարուցվել են կատարողական վարույթներ:

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

 

Ընդհանուր առմամբ' ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.21 մլն դրամ: