Իրաքյան ուժերը Սալահ ադ Դին և Անբար մարզերում «Իսլամական պետության» 182 ահաբեկիչների են ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սալահ ադ Դին մարզի անվտանգության խորհրդի նախագահ Ջասիմ Ջաբարան նշել է, որ ահաբեկիչները փորձել են հարձակում գործել անվտանգության ուժերի վրա Թիրքիթ քաղաքի մզկիթում, սակայն, իրաքյան ուժերը, պաշտպանական ուժերի և իրաքյան օդային ուժերի հետ միասին կարողացել են ոչնչացնել 150 ահաբեկիչների:

 

Նրա խոսքով' իրաքյան ուժերը շարունակում են առաջ ընթանալ Թիրքիթ քաղաքում՝ ազատագրելով Ալբու Աջիլ, Ռաբիդա, Սամրա շրջանները՝ միևնույն ժամանակ կտրելով ահաբեկիչների տարածման ճանապարհը մարզի արևելյան հատվածներում:

 

Մյուս կողմից, 30-ից ավելի ահաբեկիչներ սպանվել են Անբար մարզում:

Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Մուհամադ Ջուադ Դուրքին հատաստել է, որ իրաքյան բանակը Բաղդադի հյուսիսում ԻՊ-ից գրավել է քիմիական զենքերի պահեստը: Այն նախորդ տարվա հունիսին գրավել էին ԻՊ-ի անդամներրը:

 

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-ին, որում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: