Իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ միասին «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են ձերբակալել Իրաքի արևմուտքում գտնվող Անբար մարզի Ֆալուջա քաղաքի Քարամ շրջանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի ներքին գործերի նախարարության կայքը հարապարակել է, որ Քարամա շրջանում ավելի քան 30 ահաբեկիչներ սպանվել, ևս 25-ը ձերբակալվել են: Հաղորդագրության մեջ նշվել է, որ Ֆալուջայի հարավ-արևմուտքում՝ Խադիր շրջանում, ևս 6 ահաբեկիչներ են սպանվել: Նրանք փորձել էին հարձակվել ռազմական հենակետի վրա:
Իրաքյան տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ' իրաքյան ուժերը Բայջի գործարանի հարակից տարածքները մաքրել են ԻՊ-ից:
ԻՊ-ի ակնառու ղեկավարներից Ռադուան Թալիբ ալ Համդունին սպանվել է Մոսուլի մերձակայքում: Նա սպանվել է միջազգային դաշինքի օդային հարվածի հետևանքով:
ԻՊ-ի երկու ղեկավարները Ֆալուջա և Հիթ քաղաքներից փախուստի են դիմել Սիրիա' երկու քաղաքներում ռազմական գործողությունների և օդային հարվածների պատճառով:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: