Այսօր' հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Աշոտ Հարությունյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 25 ԼՍ 356 համարանիշի ավտոմեքենան, Մյասնիկյան պողոտայում' Ջրաշխարհի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ամուսիններ են, ովքեր փողոցը անցնելիս են եղել չթույլատրված հատվածով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 2-րդ վաշտի աշխատակիցները: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը:
Դեպքի վայր է ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Այս պահին ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել և օգնություն է ցուցաբերել: