Երեկ՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի բնակիչ 42-ամյա Սլավիկ Տոնոյանը, վարելով «ՎԱԶ 2109» մակնիշի՝ 34 ՕT 766 համարանիշի ավտոմեքենան, Փոքր Վեդի-Լուսառատ գյուղամիջյան ճանապարհի՝ Խոր Վիրապ եկեղեցու խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատար խողովակում:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը՝ Ս. Տոնոյանը և ուղևորը՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարար վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Ահարոն Սաֆարյանը:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս բերեցին վթարի վայրից և քննիչի հանձնարարականով՝ ՃՈ աշխատակիցները այն տեղափոխելու են ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդն ու ուղևորուհին ամուսիններ են: