Այսօր' փետրվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 շենքի առջևի ավտոկայանատեղում, Չարենցավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արա Շահբազյանը, վարելով «Մեծն Կայզեր» ՍՊԸ-ին պատկանող և իրեն ամրակցված «Նիսսան» մակնիշի L 2208 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 33-ամյա Արփինե Բարիղամյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Մոր և մանկան առողջության» պահպանման գիտահետազոտական կենտրոն, քանի որ Ա. Բարիղամյանը եղել է հղի: Բժիշկների գնահատմամբ նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: