Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը քննող նոր դատախազ է նշանակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այսուհետ հայ խմբագրի սպանության գործը քննելու է Ա հաբկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բյուրոյի անդամ Գյոքալփ Քյոքչուն:

 

Նրանից առաջ Դինքի գործը քննում էր Յուսուֆ Հաքքը Դողանը, ով, սակայն, նշանակվել է որպես Թուրքիայի վճռաբեկ դատարանի անդամ:

 

Քյոքչուն դարձավ 6-րդ դատախազը, որը 2007 թվականի հունվարի 19-ին' Դինքի սպանությունից հետո կքննի հայ խմբագրապետի գործը: Ավելի վաղ այդ գործով զբաղվել էին Սելիմ Բերնա Ալթայը, Ֆիքրեթ Սեչենը, Ջիհան Քանսըզը, Մուամեր Աքքաշը և վերոնշյալ Յուսուֆ Հաքքը Դողանը:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

 

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

 

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջալալեդդին Ջեռռահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: