Առնվազն չորս մարդ է զոհվել, շատերը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել ԱՄՆ-ի Միսիսիպիի նահանգում մոլեգնած տոռնադոյի հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հայտնել է նահանգի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Գրեգ Ֆլինը, տարերքը նյութական մեծ վնաս է պատճառել ինչ պես բնակելի շենքերին, այնպես էլ տեղի բիզնեսին և առանց էլեկտրաէներգիայի է թողել 7 հազար մարդու: Տոռնադոյից առավել տուժած Մերիոն և Ջոնս օկրուգներում նահանգապետ Ֆիլ Բրայենտը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել:

 

«Պոկվել են բազմաթիվ տների տանիքներ, ճանապարհները լցված են շինությունների փլատակներով, մարդկանցից ոմանք շրջափակված վիճակում են հայտնվել սեփական տներում, շրջվել են ավտոմեքենաներ, ամենուրեք քաոս է»,- Մերիոնի օկրուգի իրադրությունը ներկայացրել է Ֆլինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: