Հնդկաստանի հյուսիսում մարտի 20-ին գնացքի երեք վագոն է դուրս ընկել ռելսերից, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 15, վիրավորվել ավելի քան 150 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Մահեշ Գուպտան: Նա նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Երկաթուղիների նախարարությունը պատահարի հետաքննություն է սկսել:
Դեհրադուն-Վարանասի երթուղով ընթացող մարդատար գնացքի երեք վագոններ ռելսերից դուրս են ընկել ՈՒթար Փրադեշի նահանգի Ռայ-Բարելի օկրուգում: Ըստ ՏԱՍՍ-ի, մասնագետները դիտարկում են վթարի երկու հիմնական վարկած՝ մեքենավարի սխալը և արգելակման համակարգի հետ կապված խնդիրները:
Կառավարությունը 200 հազար ռուփիի (ավելի քան 3 հազար դոլար) փոխհպատուցում կվճարի զոհվածների ընտանիքներին և 300-ից մինչև 800 դոլար՝ տուժածներին՝ կախված նրանց ստացած վերքերի ծանրության աստիճանից: