Գերմանահպատակ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքընի «The Cut» գեղարվեստական ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Վիեննայի «Ֆիլմկազինո» կինոթատրոնում: Իսկ ֆիլմի անընդհատ ցուցադրությունն Ավստրիայի կինոթատրոններում սկսվելու է 2015թ. հունվարի 15-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' կինոցուցադրությունից բացի, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում և Գրաց քաղաքում այդ երկրում ՀՀ դեսպանության աջակցությամբ մի շարք մշակութային միջոցառումներ են տեղի ունեցել:

 

Մասնավորապես' Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Վիեննայի «Զարգֆաբրիկ» համերգասրահում կազմակերպվել է համերգ, որին մասնակցել է վիեննաբնակ երաժիշտ Մայք Մովսեսյանի լատինո-ջազ ոճի երաժշտախումբը:

 

Վիեննաբնակ հանդիսատեսը դեկտեմբերի 12-ին հանրահռչակ «Մյուզիքֆերայն» համերգասրահում վայելել է հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և ավստրիացի կոմպոզիտոր Մոցարտի ստեղծագործությունները' Վիեննայի Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգի ընթացքում:

 

Իսկ դեկտեմբերի 13-ին Ավստրիայի Շտայերմարկ երկրամասի Գրաց մայրաքաղաքի «Օրֆեում» համերգասրահում տեղի հայ համայնքի ուժերով և Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու Շթայերմարկի մասնաճյուղի հովանավորությամբ կազմակերպվել էր բարեգործական համերգ, որի ողջ հասույթը հատկացվելու է Վանաձորի որբ երեխաներին:

 

Այնուհետև, Վիեննայի «Կրիմ» եկեղեցական համայնքի սրահում տեղի ունեցավ Վիեննայի երաժշտանոցի հայաստանցի ուսանող, մեներգիչ, տենոր Դավիթ Վարդանովի անհատական համերգը: