Իսպանիայի նոր թագավոր Ֆիլիպ VI-ը Սուրբծննդյան իր առաջին ուղերձում դատապատել է կորուպցիան երկրում եւ նշել, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

«Չպետք է ավելի բարեհաճ վերաբերմունք լինի նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու հանրային պաշտոններ են զբաղեցնում»,- հայտարարել է միապետը:

 

Ընդսմին թագավորն ուղղակիորեն չի հիշատակել իր քրոջ՝ արքայադուստր Կրիստինայի հետ կապված դեպքը, որը պետք է դատարանի առաջ կանգնի ենթադրյալ խարդախության գործով:

 

Սա առաջին դեպքն է Իսպանիայի նորագույն պատմության մեջ, երբ թագավորի մերձավոր ազգականին դատարան են կանչում հանցագործություն կատարելու կասկածանքով: