Մոսկվայում ավելի քան 130 ավիաչվերթ է հետաձգվել, եւս 30-ը՝ չեղյալ հայտարարվել ձյան առատ տեղումների պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

 

«Վնուկովո»-ում հայտնել են, որ ձնից օդանավակայանների մաքրումը կատարվում Է յուրաքանչյուր 25 րոպեն մեկ, եւ քանի դեռ աշխատում Է ձնահավաք տեխնիկան, ինքնաթիռները գտնվում են սպասման գոտում: Չվերթների մեծ մասը՝ 105, հետաձգվել է «Դոմոդեդովո»-ում:

 

Ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայում խցանումները հասել են առավելագույն չափերի: «Յանդեքս: Խցանումներ» ծառայության տվյալներով՝ օրվա առաջին կեսին ճանապարհների բեռնվածությունն այս տարի առաջին անգամ հասել Է առավելագույն 10 բալի:

 

Մոսկվայի օդերեւութաբանների տվյալներով՝ դեկտեմբերի 25-ին չդադարող տեղումների պատճառով մայրաքաղաքում ձյան ծածկույթի հաստությունը կարող Է հասնել 20 սանտիմետրի: