Ադրիատիկ ծովում Norman Atlantic լաստանավում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է տասի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Իտալիայի առափնյա պահպանության ծառայությանը: Ավելի վաղ նշվել էր ութ զոհվածների մասին:
Լաստանավի սեփականատեր ընկերությունը հայտարարել է, որ նավում եղել են 478 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ: Հունաստանի առափնյա պահպանության ներկայացուցիչ Նիկոս Լագադիանոսը հայտնել է, որ նավից տարհանվել է 432 մարդ, ներառյալ ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:
Իտալիայի Բարի քաղաքի դատախազ Ջուզեպե Վոլպեն պահանջել է կալանել նավը՝ քրեական գործը հետաքննելու նպատակով:
Դեկտեմբերի 28-ի առավոտյան Norman Atlantic նավի վրա, որը Ադրիատիկ ծովում իտալական դրոշի ներքո Հունաստանից ուղեւորվում էր Իտալիա, հրդեհ է բռնկել ավտոմոբիլային տախտակամածի վրա, որտեղ եղել է 222 ավտոմեքենա: Միջադեպը տեղի է ունեցել Հունաստանի ափի մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:-