Բաքվի Ազադլըգ պողոտայում թիվ 289 շենքում ծագած հրդեհի հետեւանքով զոհերի թիվն արդեն հասել է 13-ի, իսկ վիրավորներինը' 43-ի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org կայքը: Հրդեհաշիջման եւ փրկարար աշխատանքներին միացել են նաեւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Նրանք ուղղաթիռով իջել են շենքի տանիքին եւ սկսել որոնել շենքի բարձր հարկերի բնակիչներին:
Առավոտյան ժամերին ծագած հրդեհը դեռեւ շարունակվում է: Հրշեջներին չի հաջողվում մարել շենքի 8, 9 եւ 10-րդ հարկերում բռնկված հրդեհը:
Նշվում է, որ մահացածների մեջ կան նաեւ երեխաներ: Վիրավորները տեղափոխվել են Բաքվի տարբեր կլինիկաներ:
Հրդեհն սկսվել է 16 հարկանի շենքի վերին հարկերում: Կրակն անմիջապես տարածվել է շենքով մեկ' այն դրսից ցածրորակ պլաստիկ նյութով պատված լինելու պատճառով:
Միջադեպի վայրում աշխատում են 30-ից ավելի շտապօգնության բրիգադներ:
Հրդեհի մարման եւ մարդկանց որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են: