Գեղարքունիքի մարզի ճանապարհներին տեղացած ձյան եւ բքերի հետեւանքով հունվարի 8-ին եւ 9 -ին ձյան մեջ իրենց ուղեւորներով արգելափակվել է 27 ավտոմեքենա, որոնց հաջողվել է դուրս բերել ՀՀ տարածքային կառավարման եւ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարար ծառայության ուժերով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փրկարար ծառայության հերթապահ մասից, հունվարի 8-ի եւ 9-ի ընթացքում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին փրկարաները ձյան կապանքներից դուրս են բերել արգելափակցած քսան, Գավառ քաղաքում' երեք, Վանեւան գյուղում' մեկ, Նորատուսի գերեզմանոցի մոտ' մեկ, Զոլաքարում' մեկ, Գավառ-Մարտունի մայրուղում' մեկ ավտոմեքենա:

 

Եվս մեկ ավտոմեքենա արգելափակվել է Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհին, որը դուրս բերելու համար փրկարաները դիմել են ճանապարհը սպասարկող «Կապավոր» ՍՊԸ Վարդենիսի գրասենյակի օգնությանը: Հունվարի 9-ի երեկոյան ժամը19-ի դրությամբ մարզում շարունակվում են ձյան տեղումները եւ հաճախակի մոլեգնող բքերը: Նույն պահի դրությամբ փակ են մնում Սոթք-Քարվաճառ , Մարտունի-Գետափ եւ Ծովակ-Ախպրաձոր ճանապարները: Մնացած ուղղություններում ճանապարհներին հիմնականում պահպանվում է դժվարանցանելիությունը եւ մերկասառույցը:

 

Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել Ծովակ գյուղից այն մասին, որ երկու ծովակցիներ նախորդ օրը լճի վրա դուրս են եկել ձկնորսության եւ չեն վերադարձել: Բարեբախտաբար, մինչեւ փրկարարների ժամանումը ձկնորսները սեփական ուժերով ափ են դուրս եկել: