Ուկրաինայի արեւելքում հակամարտության զոհերի թիվը անցյալ տարվա ապրիլից ի վեր հասել է առնվազն 4808-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվության մեջ, որը հրապարակվել է հունվարի 11-ին:

 

«Ապրիլի կեսից մինչեւ 2015 թվականի հունվարի 6-ը Ուկրաինայի արեւելքում սպանվել է առնվազն 4808 մարդ (ներառյալ կործանված մալայզիական Boeing-ում գտնվող 298 ուղեւորներն ու անձնակազմի անդամները), վիրավորվել Է 10 հազար 468 մարդ»,- ասված է զեկույցում: Վարչության նախորդ հաշվետվության մեջ, որը ներկայացվել էր դեկտեմբերի վերջին, նշվում էր 4771 զոհվածների եւ 10 հազար 360 վիրավորների մասին:

 

ՄԱԿ-ում հայտնել են, որ հարկադիր վերաբնակների թիվը գերազանցել է մեկ միլիոնը. 634 հազար բնակիչներ դարձել են ներքին վերաբնակներ, եւս 594 հազարը փախել են հարեւան երկրներ՝ առավելապես Ռուսաստան: Վարչության զեկույցում նաեւ նշվում է, որ մարտական գործողությունների գոտում շարունակում է մնալ մոտավորապես 5,2 մլն մարդ, ընդ որում 1,4 միլիոնը «չափազանց խոցելի վիճակում են եւ հումանիտար օգնության կարիք ունեն»:

 

«Հակամարտության գոտուց տագնապալի հաղորդումներ են ստացվում այն մասին, որ հազարավոր մարդիկ չափազանց խոցելի վիճակում են եւ օգնության կարիք ունեն: Ի լրումն ֆինանսական խնդիրների, շատերը զրկված են սննդամթերք եւ դեղորայք գնելու հնարավորությունից եւ ապրում են ձմեռվա ցրտի պայմաններում»,- ասված է զեկույցում: Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի արեւելքին բժշկական օգնություն ցուցաբերելու հարցերը հանգամանորեն կքննարկվեն հունվարի 15-ին ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքում, որտեղ կկայանա խորհրդաժողով Առողջապահության համաշխարհային կազ մակերպության եւ միջազգային դոնորների մասնակցությամբ: