«Նորմանդական ձեւաչափի» երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են արել առաջիկա օրերին անցկացնել Ուկրաինայի իրադրության կարգավորման խնդրով զբաղվող շփման խմբի հանդիպում եւ առաջընթացի հասնել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նախարարները կոչ են անում շփման խմբին՝ հանդիպելու առաջիկա օրերին, որպեսզի առաջընթաց ապահովվի Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական իրագործման առումով, ներառյալ արդյունավետ հրադադարի համար էական պայմանների ստեղծումը»,- ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, «դա կնպաստի Աստանայում գագաթնաժողովի նախապատրաստմանը»:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նախարարներն ընդգծել են, որ Մինսկի պայմանավորվածությունները մնում են Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման հիմքը: