ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Սերբիայի առաջնահերթություններն են լինելու ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորումը և այդ նպատակով համապատասխան քաղաքական կամքի դրսևորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը:

 

«Երկխոսությունն ու փոխզիջումը, խնդիրների խաղաղ կարգավորումը, վստահության հաստատումը ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության հիմնական սկզբունքներն են»,- հայտարարել է Դաչիչը:

 

Նա ընդգծել է, որ կառույցի նախագահությունը Սերբիան ստանձնել է բավական բարդ մի ժամանակաշրջանում: Դաչիչը կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին դադարեցնել ուժի կիրառումը և զսպվածություն ցուցաբերել, քանի որ Ուկրաինայի իրադրությունը լուրջ վտանգ է ստեղծում տարածաշրջանի կայունության, ինչպես նաև եվրոպական և համաշխարհային անվտանգության համար:

 

Նա անչափ կարևորել է Ուկրաինայում ջանքերի գործադրումը' հրադադարի հասնելու և ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում:

 

Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած ահաբեկչական դեպքերին' ԵԱՀԿ նախագահը ընդգծել է խոսքի արտահայտման ազատության և լրագրողների պաշտպանության կարևորությունը: Դաչիչի համոզմամբ' բոլոր կառավարությունները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարելու, այլև հանդուրժողականություն հաստատելու համար: