Ճանապարահատրանսպորտային պատահարների հետևանքով մարդկային զոհերի թիվը 2014թվականին նվազել է: Այս մասին լրագրողների հետ փետրվարի 2-ին կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը:

 

«Անցած տարվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 3300 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով մահացել է 297 մարդ, իսկ վիրավորվել է 4 հազարից ավելին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա և հավելեց, որ 2014 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ առկա է ՃՏՊ-երի և մարմնական վնասվածքների թվի աճ:

 

Ծառայության պետը նշեց, որ ճանապարահատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի կրճատմանը նպաստել են մի շարք հանգամանքներ: «Զոհերի թվի նվազումը առաջին հերթին կապված է տեսանկարահանող սարքերի առկայությամբ, վարորդների զսպմանն ուղղված քաղաքականությամբ, ինչպես նաև վարորդ-հետիոտն փոխզիջման մշակույթի ձևավորմամբ»,- ընդգծեց Արտակ Հարությունյանը:

 

Նա պարզաբանեց, որ արագաչափերը տեղադրվում են' հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, երթևեկության ծանրաբեռնվածությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական վերլուծությունը: «Ես կարծում եմ, որ արագաչափերի տեղադրման արդյունքներն դրական առումով արդեն զգալի են, քանի որ բոլոր քաղաքակիրթ երկրներում արագաչափերը կիրառվում են: Ինքնանպատակ ոչինչ չի արվում:

 

Արագաչափերը տեղադրվում են այն վայրերում, որտեղ կա վատ տեսանելիություն, ճանապարհի հետ կապված խնդիրներ, հաճախակի են պատահարները»,- նշեց բանախոսը' հավելելով, որ եթե վարորդներն դժգոհություններ ունեն արագաչափերի տեղադրման, տարբեր խախտումների վերաբերյալ, ապա կարող են դիմել ճանապարհային ոստիկանությանը, որտեղ ոչ մի դիմում անպատասխան չի թողնվում:

 

Անդրադառնալով 2014 թվականին «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունում առկա կարգապահական խնդիրներին'«Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Արտակ Հարությունյանն ընդգծեց, որ անցած տարի իրականացրած ծառայողական քննությունների արդյունքում' Ճանապարհային ոստիկանության 9 աշխատակից ազատվել է աշխատանքից: «Հատուկ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր դիմում-բողոքին մենք արձագանքել ենք և օբյեկտիվ լուծումներ տվել »,- նկատեց նա և հավելեց, որ 2014 թվականին աշխատանքից ազատվել է 68 աշխատակից: