Ջամուի և Քաշմիրի նահանգում հնդիկ ու պակիստանցի սահմանապահների միջև արդեն չորրորդ օրը շարունակվող փոխհրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր զոհված 12 խաղաղ բնակիչների՝ հինգ պակիստանցիների ու յոթ հնդիկների մասին: Հոկտեմբերի 9-ին պակիստանյան կողմը հաստատել է ևս հինգ պակիստանցիների զոհվելը, նշում է գործակալությունը:

 

Անցած գիշեր պակիստանցի սահմանապահները Ջամուի և Քաշմիրի նահանգում կրակ են բացել վերահսկողության ողջ գծի երկայնքով՝ գնդակոծելով հնդկական սահմանապահ զորքերի 60 պահակակետեր և մերձակա 90 գյուղեր: Հնդկական կողմը պատասխան կրակ է բացել: Գյուղերի ավելի քան 30 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: