Նյու Յորքում կենցաղային գազի պայթյունի հետևանքով, որը հանգեցրել է երկու հինգհարկանի տների փլուզման, զոհվածների թիվը հասել է չորսի, հաղորդում են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

 

Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների և 64 վիրավորների մասին: Մարտի 12-ի առավոտյան Մանհեթենի հյուսիսում Հառլեմի շրջանի բնակելի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոս: Դրան հաջորդած պայթյունը գործնականում ամբողջովին քանդել է ինչպես բուն շենքը, այնպես էլ դրան հարող մյուս բնակելի կառույցը: Ողբերգությունից 15 րոպե առաջ Con Edison ընկերությունում, որը Նյու Յորքում պատասխանատու է գազամատակարարման համար, մի քանի զանգեր են ստացվել տեղի բնակիչներից, որոնք հաղորդել են գազի ուժեղ հոտի մասին:

 

Ըստ վերջին տվյալների՝ անհայտ է մնում տասը մարդու ճակատագիրը: Որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում է, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: