Ձյան առատ տեղումները, որոնք գրանցվել են ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգներում, ընդհանուր առմամբ 2,9 հազար ավիաչվերթների չեղարկման են հանգեցրել Բոստոնի, Չիկագոյի, Նյու Յորքի եւ Նյուարկի օդանավակայաններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Բոստոնում ձյան տեղումների նոր ռեկորդ է սահմանվել. այստեղ ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 86,6 սանտիմետրի: Նախկին ռեկորդը գրանցվել էր 1996 թվականի հունվարին, երբ քաղաքում 79,2 սանտիմետր ձյուն էր տեղացել: 20-30 սանտիմետր տեղումներ են եղել նաեւ Չիկագոյում, Նյու Յորքում եւ Նյուարկում:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, եղանակային բարդ պայմանները խոշոր խցանումներ են առաջացրել ավտոճանապարհներին, քանի որ ձնահավաք տեխնիկան չի հասցնում մաքրել ավտոմայրուղիները: Այդ քաղաքներում շատ ծառայողներ նախօրյակին այդպես էլ չեն կարողացել հասնել իրենց աշխատավայրեր, իսկ նրանց, ում դա հաջողվել է, աշխատանքի են եկել մեծ ուշացումներով:

 

Բացի այդ, ինչպես հաղորդել է CNN հեռուստաընկերությունը, ձյան տեղումների պատճառով առնվազն երեք մարդ է զոհվել: Այսպես, Բոստոնում 57-ամյա կինը մահացել է բնակելի շենքի տանիքից նրա վրա ձնակույտի ընկնելու հետեւանքով, իսկ Ինդիանայի նահանգում սառցակալած ավտոճանապարհը վթարի պատճառ է դարձել՝ երկու զոհերով:

 

Նյու Յորքում փետրվարի 2-ին ձյան տեղումներն ավելի առատ են եղել, քան անցած շաբաթ, երբ մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հայտարարեց «քաղաքի պատմության մեջ չտեսնված ձնամրրիկի» մոտենալու մասին: Այն ժամանակ քաղաքը փաստորեն փակվեց տրանսպորտի երթեւեկության համար, բայց տեղացած ձյունը ընդամենը մոտ 10 սանտիմետր էր: Քաղաքագլուխն հարկադրված էր արդարանալ: Այս անգամ քաղաքի իշխանություններն ավելի զուսպ էին իրենց նախազգուշացումներում, թեեւ, ինչպես պարզվեց, նրանք ավելի շատ հիմքեր ունեին տագնապ հնչեցնելու: