Վենեսուելայում ընդդիմության եւ կառավարության դիմակայության հերթական օրը մարդկային նոր զոհեր է բերել: Ինչպես հայտնել են լատինամերիկյան երկրի իշխանությունների ներկայացուցիչները, Տիչիրայի նահանգում բողոքի փողոցային ակցիաների ընթացքում երկու մարդ է զոհվել:

Նշվում է, որ զոհվածներից մեկը 17-ամյա պատանի է, իսկ մյուսը՝ 33-ամյա Դիեգո Էռնանդեսը, որը գնդակահարվել է ոստիկանի կողմից:
Ընդդիմության կողմնակիցները մայիսի 15-ին փակում էին երթեւեկությունը հանգուցային ավտոմայրուղիներում՝ այդ կերպ իրենց դժգոհությունը հայտնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորած կառավարության քաղաքականությունից: Մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Կարակասում Ազգային գվարդիան արցունքաբեր գազ է կիրառել բողոքավորներին ցրելու համար: Իշխանությունները բերման են ենթարկել մի քանի տասնյակ մարդու, ավելի քան տասը հոգի վերքեր են ստացել:

Ապրիլի սկսզբից Վենեսուելայում բողոքի բազմամարդ ակցիաներ են անցկացվում: «Սոցիալական կոնֆլիկտայնության մոնիթորինգի կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 44 մարդ, տուժածների թիվն անցնում է հազարից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: