Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մարզադաշտում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, ձերբակալվել է 18 երկրպագու:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Եգիպտոսում փետրվարի 8-ին հակաօդային պաշտպանության ուժերի սպորտային համալիրի մերձակայքում բախումներ են սկսվել անվտանգության ուժերի և երկրում հայտնի «Զամալեք» ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջև: Բախումների ժամանակ 22 ոստիկան են վիրավորվել: Այրվել են մի քանի մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական:

 

 

Եգիպտոսի հեռուստատեսությունը հայտարարել է, որ ֆուտբոլային հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակով: Համաձայն ստացված տեղեկության՝ վարչապետ Իբրահիմ Մահլաբը արտահերթ նիստ է գումարել՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները:

 

 

Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ, ավելի քան 10 հազար երկրպագու առանց տոմսերի փորձել են մտնել մարզադաշտ, ինչի հետևանքով խուճապային վիճակ է ստեղծվել, այնուհետև սկսվել են բախումները: Անվտանգության աշխատակիցներն արցունքաբեր գազ են արձակել երկրպագուներին ցրելու նպատակով:

 

 

Եգիպտոսում նմանատիպ դեպք գրանցվել էր 2012թ. փետրվարին, երբ ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով զոհվել էին ավելի քան 70 մարդ: Ծեծկռտուքը սկսվել էր «Ալ Միսրի» – «Ալ Ահլի» հանդիպման ժամանակ, երբ «Ալ Միսրի» թիմը 3:1 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսի առաջնության առաջատարի հանդեպ: Պարտվող թիմի հուզված երկրպագուները հարձակվել էին «Ալ Ահլի» թիմի խաղացողների վրա: