Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ ուկրաինական խնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական միջոցներով: «Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք այդ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական միջոցներով, քանզի կարծում եմ, որ այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»,- հայտարարել է նա լրագրողներին Օտտավայում Կանադայ ի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ կայացած հանդիպումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես հավատում եմ, եւ մենք բոլորս հուսով ենք, որ մեզ կհաջողվի իրադրությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով»,- իր հերթին հայտարարել է Հարփերը: Վարչապետը նաեւ ընդգծել է, որ Կանադան «դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները»:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ «նորմանդական քառյակի»՝ փետրվարի 11-ին Մինսկում պլանավորված հանդիպման կապակցությամբ Մերկելը նշել է, որ «առաջիկա մի քանի օրվա ընթացքում մենք կտեսնենք՝ կլինի արդյոք առաջընթաց»:
«Այժմ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք դիվանագիտական լուծում գտնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ ԱՄՆ-ի նախագահը եւ Կանադայի վարչապետը աջակցում են մեզ դրանում»,- հավելել է կանցլերը:
Մերկելը Կանադայի մայրաքաղաք էր ժամանել ԱՄՆ-ից, որտեղ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններ է վարել Ուկրաինայի շուրջ: Վաշինգտոնում նա, արծարծելով Մինսկի առաջիկա հանդիպումը, լրագրողներին ասել է. «Ես երաշխիքներ չունեմ: Ես չեմ կարող որեւէ երաշխիք տալ չորեքշաբթի օրվա բանակցությունների արդյունքների կապակցությամբ: Հնարավոր է՝ ոչինչ էլ չստացվի»:
Օբաման, խոսելով Գերմանիայի եւ Ֆրանսիայի ջանքերի մասին, հայտարարել է. «Իրադարձություններից առաջ չեմ ընկնի եւ ասի՝ հաջողություն կունենան արդյոք դիվանագիտական ջանքերը: Բայց եթե՝ ոչ, ապա մենք կբարձրացնենք Ռուսաստանի վճարելիք գինը Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության համար, եւ մենք մտադիր չենք մեղմացնել մեր դիրքորոշումը»:
Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ Օբաման հավելել է, որ ԱՄՆ-ի վարչակազմում քննարկվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը, ինչպես նաեւ Կիեւին զենքի մատակարարման հարցը: Ընդսմին Օբաման նշել է, որ առայժմ որոշում չի ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ:
Նա ասել է, որ խնդրելու է իր թիմին «դիտարկել հետագա գործողությունների բոլոր տարբերակները», եթե Ուկրաինայի ճգնաժամը չհաջողվի լուծել դիվանագիտական ճանապարհով: