Հայաստանի ու ԱՊՀ մի քանի երկրների ՏՏ ոլորտի առաջնորդները կհանդիպեն Երևանում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Ռուսաստանի Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության (ԱՊԿԻՏ) հետ ապրիլի 1-3-ը կազմակերպում է «ՏՏ գագաթնաժողով 2015. ոլորտի առաջնորդների հանդիպո ւմ» թեմայով համաժողովը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԻՏՁՄ-ից, յուրաքանչյուր տարվա ապրիլին կազմակերպվում է համաժողովը ԱՊՀ տարածաշրջանի երկրներից որևէ մեկում: Այս տարի նախատեսվում է Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից և մի շարք այլ երկրներից տեղեկատվական, հեռահաղորդակցական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 150-200 առաջատար ընկերությունների մասնակցություն:

 

Համաժողովի ընթացքում մասնագետների ուշադրության կենտրոնում կլինի 2014 թվականի ամփոփումը, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների բիզնեսի հեռանկարների քննարկումը, ՏՀՏ ոլորտին աջակցման արդյունավետությունը, ՏՀՏ բիզնեսի փոխներթափանցման հեռանկարները, աշխատուժի և կրթության խնդիրները:

 

Համաժողովի մասնակիցները նաև հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի հարուստ պատմությանը, մշակութային և ճարտարապետական հուշարձաններին, ինչպես նաև հայկական խոհանոցին: