Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով եղավ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսությունում, ծանոթացավ ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին:

 

 

Լրագրողների հետ զրույցում «Մավաս գրուպ» ընկերության տնօրեն Արմենակ Մկրտչյանը նշեց, որ 2011-2014թթ. ընկերությունը կառուցել և շահագործման է հանձնել 11 հա ընդհանուր մակերեսով 5 ջերմատներ, որոնցում արտադրվում է հիմնականում վարունգ և լոլիկ: Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կատարվել են շուրջ 8.2 միլիարդ դոլարի ներդրումներ: «Արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով 2014թ. վերջին ընկերությունը ձեռնամուխ է եղել ևս 10 հա մակերեսով ջերմատան կառուցման աշխատանքներին: Ներկույումս իրականացվում են հողային աշխատանքներ, ներկ րվել են ջերմատան կառուցամասերը: Ջերմատունը նախատեսվում է շահագործման հանձնել 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Մկրտչյանը:

 

 

Նա տեղեկացրեց, որ ջերմատները հագեցած են նորագույն եվրոպական սարքավորումներով' հիմնականում ներկրված Հոլանդիայից: «Արտադրության բոլոր փուլերը' ջեռուցում, բույսերի աճեցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն, կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որոնք վերահսկվում են արտերկրի բարձրակարգ մասնագետների կողմից»,- ընդգծեց Արմենակ Մկրտչյանը:

 

 

Ներկայումս կամզակերպությունն ունի մոտ 11 հա ջերմատուն, որից մինչև 2014թ. դեկտեմբեր ամբողջ արտադրական հզորությամբ գործել է մոտ 4 հա-ն, 2014թ. դեկտեմբերից գործում է 8 հա, իսկ մնացած 3 հա-ից բերք կստացվի 2015թ. մարտից: «Կանխատեսվող բերքատվությունը 2014-2015թթ արտադրական ցիկլում կազմում է 50 կիլոգրամ մեկ քառակուսի մետրի հաշվարկով: Մինչ այս պահը կազմակերպության արտադրանքը իրացվել է հիմնականում ներքին շուկայում, իսկ 2015թ. մարտից նախատեսվում է շեշտը դնել նաև արտահանման վրա»,- հայտնեց Մկրտչյանը' հավելելով, որ արտահանման համար արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Բերքը հիմնականում արտահանվելու է Ռուսաստան:

 

 

Ընկերությունը ներկա պահին ունի 150 աշխատատեղ, իսկ այս տարվա մարտից, երբ կընդլայնվի ջերմատների քանակը, աշխատողների քանակը կկրկնապատկվի:

 

 

Շրջայցի ընթացքում ՀՀ Նախագահին ուղեկցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, համայնքի ղեկավար Արայիկ Մուքայելյանը: