Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում այս պահին այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախահգահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք քաղաքական ուժեր, որոնք ցանկանու մ են կոալիցիա մտնել:

 

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Գոնե կուսակցության գործադիր մարմնի նիստում նման հարց չի քննարկվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

 

ՀՀԿ խոսնակը, սակայն, չբացառեց, որ ՀՀԿ-ն կարող է այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմել: «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և ես չեմ ցանկանում որևէ բան բացառել: Սակայն այս պահին մեր օրակարգում նման հարց չկա»,- հայտարարեց նա:

 

 

Շարմազանովն ընդգծեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ կլինի մեկ կամ երկու ամիս հետո:

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի քառօրյա նիստի աշխատանքներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին և այլ հարցերի: