Կրեմլի վարչակազմում աշխատավարձերը 10 տոկոսով կկրճատվեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս որոշման մասին փետրվարի 27-ին ՌԴ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Խորհրդակցո ւթյան օրակարգի համատեքստից դուրս Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին իրազեկել է նախագահի վարչակազմում աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու՝ իր ընդունած որոշման մասին»,- ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Փետրվարի 27-ի խորհրդակցությունում քննարկվել է Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքը՝ Դոնբասում հակամարտության մասնակիցների կողմից ծանր սպառազինությունների հետքաշման գործընթացի առումով, ինչպես նաև մի շարք հրատապ սոցիալ-տնտեսական հարցեր, հավելել է նա:
Ռոսստատի տվյալներով՝ 2014 թվականի հունվար – սեպտեմբերին նախագահի վարչակազմում աշխատավարձը միջին հաշվով կազմել է 216,411 հազար ռուբլի:
Ավելի վաղ աշխատավարձերի կրճատման հարց է դրվել նաև խորհրդարանում: Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը պալատի խմբակցություններին խնդրել է քննարկել պատգամավորների աշխատավարձերի կրճատման հնարավորության հարցը, այս նախաձեռնությունը պաշտպանել են բոլոր չորս խմբակցությունները: Նառիշկինին պաշտպանել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որն առաջարկել է սենատորների աշխատավարձը կրճատել 10 տոկոսով: