Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել երեք կանանց. պատժի չափն անժամկետ բանտարկությունից փոխվել է 20 տարուց ոչ ավելի ազատազրկման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, հայտնել է Ներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն մարտի 6-ին կայացած ճեպ ազրույցում:

 

 

«Ներման մի ակտի հիման վրա նախագահը ներում է շնորհել անժամկետ դատապարտված երեք կանանց և որոշել է նրանց ազատ արձակման ժամկետը: Յուրաքանչյուր դեպքում պատիժների կատարման հիմնարկությունում մնալու ժամկետը չի գերազանցում 20 տարին: Ներման երկրորդ ակտի համաձայն՝ նախագահը ներում է շնորհել 188 դատապարտյալի, այդ թվում՝ 7 անչափահասի»,- հայտարարել է Քորիձեն:

 

 

Նրա խոսքով՝ նախագահի որոշման համաձայն՝ օրվա ընթացքում պատիժների կատարման հիմնարկությունները կլքի 130 դատապարտյալ: Ինչ վերաբերում է 58 դատապարտյալների, ապա նրանց բանտարկության ժամկետը կրճատվել է: