Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղով հոսող Գավառագետի վտակի ափերի ամրացման աշխատանքները, որ անավարտ են մնացել անցած տարի, անհրաժեշտ է վերսկսել:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը, Լանջաղբյուրով հոսող Գավառագետի երկարությունը կազմում է մոտ 6 կիլոմետր, որից 3 կիլոմետրն անցնում է տնամերձերի ու կառույցների, մյուս 3 կիլոմետրը՝ վարելահողերի միջով: Նախորդ տարիներին ՀՀ կառավարության հատկացված միջոցներով գաբիոնապատվել են գետի ափերը ամենավտանգավոր տարբեր հատվածներում, որոնց ընդհանուր ձգվածությունը կազմում է մոտ 700 մետր: 2014 թվականին նախատեսվել էր գաբիոնապատման համար պետբյուջեից հատկացնել եւս 90 միլիոն դրամ, սակայն այն հետաձգվել է:

 

 

«Մենք համապատասխան խնդրանքով դիմել ենք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ու գյուղնախարար Սերգո Կարապետյանին եւ հույս ունենք, որ այս տարի կստանանք համապատասխան ֆինանսական միջոցներ գետի հունի ամրացման աշխատանքները շարունակելու համար:

 

 

Նախատեսված է նաեւ 1 կամրջի նորոգում եւ 1 կամրջի կառուցում հիմքից, որը 2007 թվականի հեղեղը քանդել է ամբողջությամբ: Ամեն տարի գարնանային վարարումները հեղեղում-տանում են վարելահողերն ու տնամերձերը՝ զգալի վնասներ պատճառելով տնտեսություններին»,-նշեց համա յնքի ղեկավարը: Գետի ափերի ամրացումից բացի նախատեսվում է նաեւ գետի հունի մաքրում:

 

 

Խոսրով Խլղաթյան