ԿԺԴՀ-ն «երկիր – օդ» դասի յոթ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ջրատարածք: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեում:

 

«Հյուսիսային Կորեայի զինված ուժերը նախօրյակին Համգյոն Փուքթոյի նահանգի տարածքից զենիթային հրթիռների զանգվածային արձակում են իրականացրել Արեւելյան ծովի (Սեուլում այսպես են անվանում Ճապոնական ծովը) ջրատարածք»,- հայտարարել են կոմիտեում: Նրանց տվյալներով՝ հերթական փորձարկումները կարող են լինել Փենյանի պատասխանը Foal Eagle եւ Key Resolve ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին:

 

«Այդ արձակումները Հյուսիսի սադրանքն են ի նշան հարավում մարտի 2-ից սկսված ԱՄՆ-ի հետ համատեղ ամենամյա զորավարժությունների դեմ բողոքի»,- ընդգծել են կոմիտեում: Այս առնչությամբ Հարավային Կորեայի զինված ուժերը բարձրացրել են մարտական պատրաստությունը: Կոմիտեում կարծում են, որ արձակումներին ներկա Է եղել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: