Հյուսիսային Կորեան միջին հեռահարության երկու հրթիռ է արձակել: Այդ մասին մարտի 26-ին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությանը:

 

Հրթիռներն անցել են շուրջ 650 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը: Ենթադրվում է, որ դրանք եղել են «Նոդոն» տիպի բալիստիկ հրթիռներ: «Նոդոնի» նախորդ արձակումն իրականացվել է 2009 թվականին:

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում հյուսիսկորեացի զինվորականներն իրականացրել են փոքր հեռահարության մի քանի տասնյակ հրթիռների արձակում: Արձակումների մեծ մասը վերաբերում է մարտի 16-ից հետո ընկած ժամանակահատվածին: Փորձարկումները ժամանակի առումով համընկել են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ամենամյա զորավարժություններին, որոնք շարունակվում են փետրվարի վերջից եւ պետք է ավարտվեն ապրիլի կեսին: Այդ զորավարժությունները Փենյանի կողմից գնահատվում են որպես սադրանք եւ ագրեսիայի դրսեւորում: