Եգիպտոսի Շարմ ալ Շեյխ քաղաքում մարտի 29-ին ավարտվել է Արաբական երկրների լիգայի 26-րդ գագաթնաժողովը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2016թ. Մարոկկոյում: Մարոկկոյի վարչապետ Աբդ Ալլահ Բենկիրանը նշել է, որ իր երկիրը պատրաստ է անցկացնել մեծ և պատասխանատու արարողությունը:

 

Գագաթնաժողովի ընթացքում որոշվել է ստեղծել տարածաշրջանային համատեղ ուժեր՝ դիմակայելու վտանգներին: Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի խոսքով' մոտ ժամանակներում ԱԵԼ-ի ղեկավարները կհանդիպեն՝ քննարկելու համատեղ ուժեր ստեղծելու մանրամասները:

 

Գագաթնաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են Եմենում տիրող իրավիճակին և առանձնացրել մի քանի կարևոր կետեր. շարունակել աջակցել «Վճռականության փոթորիկ» գործողություններին մինչև ամբողջությամբ նպատակներին հասնելը, ստիպել հոուսիներին նահանջել մայրաքաղաք Սանայից և երկխոսություն անցկացնել կողմերի միջև:

 

Մասնակիցները Սիրիայի վերաբերյալ հաստատել են ԱԵԼ-ի և ՄԱԿ-ի միջև բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը, որպեսզի հասնեն սիրիական ճգնաժամի լուծմանը՝ համաձայն «Ժնև-1»-ի:

 

Գագաթնաժողովի ընթացքում նաև քննարկվել են Լիբիայի, Պաղեստինի վերաբերյալ հարցեր: