Աղվերանում ապրիլի 2-3-ն անցկացվել է «Պրոբացիոն ծառայության գործունեության առանձնահատկությունները. Վրաստանի Պրոբացիայի ազգային գործակալության փորձը» թեմայով դասընթաց-քննարկում, որը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը (ՔՀԻ) Միջազգային բանտային բարեփոխումն եր կազմակերպության (PRI) և ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) աջակցությամբ իրականացվող «Այլընտրանքային պատիժների կիրառման խթանում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից, դասընթացի մասնակիցները ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի և բաժանմունքների 21 աշխատակիցներ էին (ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ): Նրանց մի մասը ներգրավված է լինելու այս տարի Հայաստանում ներդրվելիք պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրում:

 

Դասընթացավարը Վրաստանի Պրոբացիոն ազգային գործակալության պետի տեղակալ Թեյմուրազ Մագրաձեն էր, ով ներկայացրել է Վրաստանում պրոբացիայի համակարգը, գործառույթները, ծառայության ստեղծման և գործունեության առանձնահատկությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Նա նաև ներկայացրել է Պրոբացիայի գործակալության աշխատանքների կազմակերպման մանրամասները՝ տվյալների բազայի վարումից մինչև դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումն ու պատժի կատարման անհատական պլանավորում, վերականգնողական ծրագրերի իրականացում, ինչպես նաև՝ ներդրվելիք ծրագրերի, այդ թվում՝ տնային կալանքի դեպքում էլեկտրոնային մոնիտորինգի մասին։ Հարցերի և քննարկման միջոցով դասընթացի մասնակիցները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։

 

Նույն՝ «Այլընտրանքային պատիժների կիրառման խթանում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում 2014թ.-ին ՔՀԻ-ն կազմակերպել էր ուսումնական այց Վրաստան՝ պրոբացիայի փորձի ուսումնասիրման նպատակով, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում՝ ՔԿՎ ԱՊԿԲ աշխատակիցներ։