Սաուդական օդանավերի ռմբակոծության հետևանքով հունիսի 3-ին Եմենի Սանա մայրաքաղաքում տասնյակ մարդիկ են զոհվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի քան տասը ռումբ է ուղղվել Սանայում գտնվող ռազմական ճամբարի ուղղությամբ: Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, այսօր 20 մարդ է զոհվել Եմենի նահանգներում ռմբակոծության հետևանքով:
Տեղեկություններ են ստացվել, որ Իբ նահանգում ռմբակոծություններից վնասվել է հոուսիների ղեկավարի տունը:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ անց շիաների` մարտի 25-ին Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որի ավարտից հետո իրականացվում է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: