Չինաստանի Հուբեյի նահանգում Յանցզի գետում «Արևելքի աստղ» զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 65-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հունիսի լույս 4-ի գիշերը հաղորդել է տեղական CCTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր արտակարգ պատահարի հետևանքով 26 զոհվածների մասին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ևս 39 մարմին ջրից դուրս է բերվել Երևանի ժամանակով ժամը 04:00-ի դրությամբ:
Նավի խորտակման վայրում շարունակվում է ընդգրկուն որոնողա-փրկարարական գործողությունը, որին մասնակցում է շուրջ 4 հազար մարդ և 110 նավ: Ներկայումս պատահարի վայրում աշխատում են 180 ջրասուզակներ: Բացի այդ, օդից ողբերգության վայրի նկատմամբ դիտարկում իրականացնելու համար ուղարկվել են հինգ ուղղաթիռ և Իլ-76 փոխադրական ինքնաթիռ: Գործողությունն իր հսկողության տակ է առել ՉԺՀ-ի վարչապետ Լի Կեցյանը:
Նավը խորտակվել է հունիսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:28-ին (Երևանի ժամանակով ժամը 17:28-ին): Այն Նանկինից ուղևորվում էր Չունցին: Նավի վրա եղել է 458 մարդ՝ ներառյալ 406 ուղևոր, անձնակազմի 47 անդամ և տուրիստական գործակալությունների 5 աշխատակից: Նավապետը և գլխավոր ինժեները հայտնել են, որ խորտակումից առաջ նավը ենթարկվել է ցիկլոնի հարվածին: Պատահածից հետո նավապետն ու ինժեները ձերբակալվել են ու հարցաքննվել:
«Արևելքի աստղը» ոչ մեծ զբոսանավ է՝ 2,2 տոննա ջրատարողությամբ: Դրա երկարությունը 76,5 մետր է, բարձրությունը՝ 11 մետր: Այն պատկանում է Chongqing Eastern Shipping Corporation ընկերությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: