Վրաստանի խորհրդարանը կոչ է անում հետաքննչական մարմիններին՝ արագացնել հունիսի լույս 14-ի գիշերը Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների պատճառների հետաքննությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Խորհրդարանը դիմում է հետաքննչական մարմիններին՝ առավելագույն սեղմ ժամկետում ավարտել Թբիլիսիում ջրհեղեղի պատճառների հետաքննությունը»,-հունիսի 15-ին լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Աննա Միրոտաձեն:

 

 

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նա հայտնել է, որ հունիսի 15-ին որոշում է ընդունվել խորհրդարանի կողմից ջրհեղեղի հետևանքով տուժածների ընտանիքներին 1 մլն լարի փոխանցելու մասին: «Բացի այդ, խորհրդարանում մասնագետների լսումներ կսկսվեն Վրաստանի իրադրության շուրջ՝ շրջակա միջավայրի անվտանգության առումով»,-հավելել է Միրոտաձեն:

 

 

Ըստ վերջին տվյալների՝ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղը 13 մարդու կյանք է խլել:

 

 

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունում, անհետ կորածների թիվը 24-ից կրճատվել է մինչև 10: «Անհետ կորած համարվող 14 մարդ գտնվել են, վերադարձել իրենց տներ,-նշել են ՆԳՆ-ում:-Ներկայում անհետ կորած է համարվում տասը մարդ»: