Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Հունաստանն ստիպված կլինի դուրս գալ եվրոգոտուց, եթե նրա ժողովուրդը հանրաքվեում մերժի միջազգային վարկատուների առաջարկությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է՝ հանդես գալով BBC ռադիոյով:

 

 

«Եթե հույները դեմ քվեարկեն, ապա ես չեմ պատկերացնում, որ դա համատեղելի կլինի եվրոգոտում նրանց հետագա գտնվելու հետ, որովհետև, ինչպես ես եմ կարծում, լուրջ խնդիր կառաջանա,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը:- Սակայն հույն ժողովուրդն է որոշում ընդունողը»:

 

 

Մեծ Բրիտանիայի վարչապետը, երկիր, որը եվրագոտու մեջ չի մտնում, բայց նրա հետ սերտորեն կապված է տնտեսապես, հայտարարել է, որ հանուն կայունության անհրաժեշտ է, որ համաձայնություն հաստատվի Հունաստանի և ԵՄ-ի գործընկերների միջև:

 

 

Քեմերոնը, որը ձգտում է հասնել Եվրամիության բարեփոխման, նաև հավելել է, որ Հունաստանի շուրջ ստեղծված ճգնաժամը ցույց է տվել հանրակցությունն ավելի ճկուն դարձնելու անհրաժեշտությունը:

 

 

Հունաստանում հանրաքվեն, որտեղ ժողովուրդը պետք է որոշի՝ ընդունել, թե ոչ միջազգային վարկատուների պայմանները, նշանակված է հուլիսի 5-ին:

 

 

Հունական կողմը հունիսի 26-ին հեռացել է վարկատուների հետ միջազգային օգնության ապասառեցման փոխարեն բյուջետային խնայողության նոր միջոցների շուրջն ընթացող բանակցություններից: Հունիսի 27-ին Եվրախումբը արտահերթ նիստում արձանագրել է, որ բանակցությունները դադարեցված են, օգնության ծրագիրը հունիսի 30-ին կավարտվի, և Աթենքն արժույթի միջազգային հինմադրամին 1,6 միլիարդ եվրոյի չափով վճարումների հետաձգում չի ստանա, որոնք պետք է արվեն մինչև հունիսի 30-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: