Լիբանանի խորհրդարանը հերթական անգամ ձախողել է նախագահի ընտրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պատճառն ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ ոչ բավարար քվորումն է: Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին 27-րդ անգամ հետաձգել է հանրապետության նախագահի ընտրությունը մինչև սեպտեմբերի 2-ը:
Լիբանանի խորհրդարանի պատգամվորները բաժանված են երկու խմբավորումների, որոնցից մեկի թեկնածուն Սամիր Ջաաջան է, իսկ մյուսինը՝ Միշել Աունը: Տեղեկություններ կան, որ նախագահական ընտրությունները բոյկոտում է քրիստոնեական մեծ խմբավորումը, որը գլխավորում է 80-ամյա Միշել Աունը: Իսկ արևմտամետ խմբավորումները դեմ են նրա թեկնածությանը՝ կարծելով, որ նա դաշինք կկազմի սիրիամետ «Հըզբոլլահ»-ի հետ: Մյուս թեկնածուի՝ Սամիր Ջաաջայի ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները:
Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետն ավարտվել է 2014թ.-ի մայիսի 25-ին: Քվերակության կայացման համար անհրաժեշտ է 126 պատգամավորներից 86-ի ներկայությունը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին: