2015 թվականի սկզբից Եվրոպայում ավելի լավ կյանք գտնելու նպատակով Միջերկրական ծովը հատած անօրինական ներգաղթյալների թվաքանակը կազմել է 250 հազար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի քարտուղար Ջոել Միլմանը:
«Միգրանտների եւ ապաստան փնտրողների թվաքանակը, ովքեր Եվրոպա են ժամանել ծովային ճանապարհներով, ՄՄԿ-ի հետազոտությունների համաձայն, ներկայում մոտենում է քառորդ միլիոնին»,-ասել է նա:
Միլմանը հավելել է, որ «անօրինական միգրանտների իրական թիվը կարող Է ավելի մեծ լինել, քանի որ տվյալները շարունակում են ստացվել:
Զոհված միգրանտների թվաքանակը նույնպես աճել է: 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ, երբ զոհվել էր 1779 մարդ, ՄՄԿ-ի 2015 թվականի օգոստոսի 14-ի տվյալներով՝ Միջերկրական ծովում զոհվել Է ավելի քան 2300 մարդ:
«Միջերկրական ծովում տիրող իրադրությունը մեզ շատ Է անհանգստացնում: Նույնիսկ հաշվի առնելով վերջին ժամանակների այնպիսի կարեւոր ձեռքբերումներ, որպիսին ԵՄ-ի կողմից անցկացվող «Տրիտոն» գործողության ուժեղացումն է, անհրաժեշտ է ավելին անել հուսահատված մարդկանց համարժեք աջակցություն ցուցաբերելու համար, ովքեր իրենց կյանքը հանձնում են անբարեխիղճ մաքսանենգների ձեռքը»,-Միլմանը մեջբերել Է ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսիի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: