Տարեսկզբից Ֆրանսիայի եվրոպական մաս են ժամանել Զիկա տենդով առնվազն հինգ հիվանդներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ արտասահմանյան ուղեւորություններից Ֆրանսիա ժամանած բոլոր հիվանդներն Էլ տենդի թեթեւ ձեւն են տարել:
«Մետրոպոլիայում Զիկա վիրուսի տարածման վտանգ առայժմ չկա, վիրուսակիր մոծակների ակտիվության շրջանը մայիսից մինչեւ նոյեմբեր է»,- առողջապահության նախարարության հայտարարությունից մեջբերում է արել Agence France-Presse-ը,
Զիկա վիրուսը առաջացնում է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր եւ հոդացավեր, բորբոքային պրոցեսներ, իսկ առանձին դեպքերում՝ սրտխառնոց եւ փսխում, ստամոքսի խանգարումներ ու ցավեր: Վիրուսը տարածում է Aedes aegypti մոծակը:
Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արեւմտյան կիսագնդում այն այժմ հատկապես արագ է տարածվում. վիրուսը թափանցել է 55 երկրներից 21-ը, թեեւ անցյալ տարվա մայիսին հիվանդացածներ կային միայն Բրազիլիայում:
Կան տեղեկություններ, որ հղիության շրջանում Զիկա վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որը դրսեւորվում է գանգի չափի զգալի նվազմամբ եւ ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նեւրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, «հղիության կամ ծննդաբերության ժամանակ մորից երեխային Զիկայի փոխանցման վկայությունները սահմանփակ են», հաղորդել է ՌԻԱ Նովոստին