Թուրքիայի հարավարեւալյան քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքում երեկ գիշեր ոոստիկանության հետ փողոցային բախումներում երեք մարդ զոհվել, յոթն էլ ծանր վիրավորվել են:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը' հղում կատարելով այդ նահանգից երկրի խորհրդարանի պատգամավոր Աբդուլլահ Զեյդանին:

 

 

Բախումները տեղի են ունեցել քրդերի եւ ոստիկանական ուժերի միջեւ, որին, ըստ գործակալության, մասնակցել են նաեւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներ:

 

 

Չնայած նահանգում մտցված պարետային ժամին, փողոցներ են դուրս եկել հարյուրավոր, այդ թվում' զինված մարդիկ: Անվտանգության ուժերի հետ բախումներն ուղեկցվել են կրակոցներով եւ ինքնաշեն սարքերի պայթեցումներով: Ոստիկանությունը անկարգությունների մասնակիցների ցրման ժամանակ հրազեն, ջրանետներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել:

 

 

Քրդերը բողոքել են քրդաբնակ որոշ շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ինքնավարություն հռչակելու պատճառով թուրքական իշխանությունների կողմից սկսված ձերբակալությունների դեմ:

 

 

Թուրքիայում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 20-ին Ուրֆայի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ իրագործված ահաբեկչական պայթյունից հետո, որի ժամանակ 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր: Վերջին մեկ ամսվա ընթացքում քուրդ մարտիկների զոհ են դարձել 65-ից ավելի թուրք ոստիկաններ եւ զինծառայողներ:

 

 

Թուրքիայի զինված ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով PKK-ի դեմ սկսված հարձակումներից հետո կառույցն իր կայքում հայտարարել է, որ Անկարայի հետ միակողմանի հայտարարած իր հրադադարը «կորցրել է իմաստը»: