Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ով արդեն հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին, այս պահին ՀՅԴ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Այս պահին նման հարց չենք քննարկում, քանի որ դիմում չկա, սակայն երբեք մի ասա՝ երբեք: Եթե պարոն Հակոբյանը կամ որևէ այլ անձ կցանկանա անդամակցել ՀՅԴ-ին, դիմում կներկայացնի, կքննարկենք»,- նշեց Վարդանյանը:

 

Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ ՀՅԴ-ն չի ցանկանում հետ ընդունել «դավաճաններին», Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ կան դեպքեր, երբ մարդիկ իսկապես արտաքսվել են կուսակցությունից և նրանց վերադարձը գրեթե անհնար է, սակայն Ռուբիկ Հակոբյանն արտաքսված չէ կուսակցությունից, նրան «դավաճան» չեն համարում: «Դուք գիտեք, որ 15 տարի հեռացած լինելուց հետո Ռոլանդ Շառոյանը կրկին դիմեց և անդամակցեց կուսակցությանը: Այնպես որ, ոչինչ բացառված չէ: Կլինի դիմում՝ կքննարկենք և կորոշենք: այս պահին, կրկնում եմ, նման հարց չի քննարկվում: Ռուբիկ Հակոբյանը նման ցանկություն որևէ կերպ չի արտահայտել»,- նշեց Վարդանյանը:

 

Հարցին՝ ճիշտ համարո՞ւմ է անընդհատ կուսակցություն փոխելու գործելաոճը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը քաղաքականության մեջ: Գիտեք, շատ դժվար է միանշանակ գնահատական տալ բոլոր դեպքերին, քանի որ լինում են տարբեր իրավիճակներ, հանգամանքներ»:

 

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ռուբիկ Հակոբյանն իր որոշումը հիմնավորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությամբ: Մինչ այդ, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ռուբիկ Հակոբյանը պատրաստվում է լքել «Ժառանգություն» կուսակցությունը և անդամակցել ՀՅԴ-ին: