2015 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանից Թուրքիա արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 16 տոկոսով կամ 25 մլն դոլարով և կազմել ավելի քան 133,1 մլն դոլար, ինչը կազմում է Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 9,1 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Black Sea Press-ին հայտնել են Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունում՝ «Սաքստատում»:

 

 

Հաշվետու ժամանակաշրջանում նաև գրանցվել է Թուրքիայից Վրաստան ներմուծման ծավալների նվազում: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին 2014 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Թուրքիայից Վրաստան ներմուծման ծավալը նվազել է 22,5 տոկոսով կամ 248,2 մլն դոլարով և կազմել 855 մլն դոլար, ինչը կազմում է Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 17,3 տոկոսը:

 

 

Այս տարվա հունվար-օգոստոսին Վրաստանի հիմնական առևտրական գործընկերը եղել է Թուրքիան: Այս երկրի հետ Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը նշված ժամանակաշրջանում կազմել է 988 մլն դոլար, ինչը 22 տոկոսով պակաս է, քան անցյալ տարվա հունվար-օգոստոսին: Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է Վրաստանի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության 15,4 տոկոսը: