Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեին:

 

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց ՄԱԿ-ի առաջնորդող դերակատարությունը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խաղաղապահության իր ներգրավվածությանն ու հետևողականորեն ամրապնդում է համապատասխան կարողությունները:

 

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդմոն Մյուլեն արձանագրեց, որ աշխարհում հակամարտությունների թվի աճին զուգընթաց ավելացել է խաղաղապահ առաքելությունների անհրաժեշտությունը:

 

 

Հանդիպմանն անդրադարձ արվեց խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությանը։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը տարբեր երկրներում խաղաղության աջակցության ուժերին։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ նախկինում և ներկայում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության աշխարհագրությունը՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան, Լիբանան, Մալի, վկայում է այն կարևորության մասին, որ տալիս է Հայաստանը աշխարհում խաղաղության պահպանմանը։ Նա շեշտեց, որ Հայաստանը շնորհակալ է Միացյալ Նահանգներին, Հունաստանին, Իտալիային և Գերմանիային Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերված աջակցության համար:

 

 

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններից է կառույցի խաղաղապահ կարողությունների զարգացումը: Այդ առումով նախարարը կարևորեց ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպության խաղաղապահության տնօրինության հետ՝ 2012թ. ստորագրված Հուշագրի շրջանակներում:

 

 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Նյու Յորքում ս.թ. սեպտեմբերի 28-ին կայացած Խաղաղապահության հարցերով առաջնորդների գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կարևորեց Հայաստանի Նախագահի մասնակցությունը վերոհիշյալ գագաթաժողովին։