Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում անվտանգության աշխատակիցների ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով մնացել է վերելակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ Էրդողանի հանդիպումից հետո:

 

 

Էրդողանի և Շուլցի հետ վերելակ են մտել նաև թիկնապահները, ինչի հետևանքով վերելակի դռները չեն փակվել: Դռների փակվելու մի քանի անհաջող փորձերից հետո Էրդողանը թիկնապահներից մեկին է դիմել՝ բարկացած ասելով. «Թող մեկը դուրս գա»: Թուրքիայի նախագահի այս նկատողությունից հետո թիկնապահներից մեկը դուրս է եկել, սակայն վերելակը շարունակել է ազդանշաններ արձակել: Միայն բավական ժամանակ անց վերելակը բնականոն շարունակել է աշխատել: