fcbanants.am  Հոկտեմբերի 12-ին «Բանանց» մարզահամալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն ներկայացրեց թիմի նոր գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների տարաբնույթ հարցերի:

- Նախկինում նշել է, որ մեր ակումբում փոփոխություններ են լինելու և այսօր առաջին մեծ փոփոխությունն ենք ներկայացնում: Իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն է լինելու «Բանանցի» գլխավոր մարզիչը: Նա հսկայական փորձ ունեցող մարզիչ է և ժամանել է մեծ թիմի հետ միասին: Նախագծի մասին խոսելով կարող եմ ասել, որ այն կիրառվելու է ողջ ակումբում և աշխատելու են իսպանացի մարզիչներ ոչ միայն առաջին թիմում, այլև ակումբի ողջ կառուցվածքին: Մասնագետներն աշխատելու են «Բանանցի» հիմնական թիմում, «Բանանց-2»-ում և ավարտական տարվա թիմում: Ղեկավարության կողմից դրված խնդիրները վերաբերվում են ոչ միայն առաջին թիմի մարզական ցուցանիշներին, այլև ակումբում գոյություն ունեցող ողջ կառուցվածքին և պետք է լինի պատրաստվածության միասնական համակարգ: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդները, գալով առաջին թիմ, արդեն իմանան, թե ինչ է իրենցից պահանջվում: Ընդհանուր առմամբ սա է նախագծի նկարագիրը:

- Ինչպե՞ս առաջացավ Տիտո Ռամալյոյին հրավիրելու տարբերկը և ինչու՞ ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա:
- Ես ի սկզբանե նշել էի, որ փոփոխություններ են լինելու և հենց այս նախագծով էլ ժամանել եմ: Տիտոյի հետ անձամբ ծանոթ չեմ, ես նրան գիտեմ այլ իսպանացի մասնագետների միջոցով, որոնց ճանաչում եմ ֆուտբոլում անցկացրած ժամանակահատվածում: Մարզիչն արդեն եղել է Հայաստանում, դիտել է Հայաստանի առաջնության հանդիպումներ: Մենք զրույցներ ենք ունեցել, ես ներկայացրել եմ այն նախագիծը, որը մենք նախանշել ենք, իսկ Տիտոն պատրաստեց այն աշխատանքային պլանը և մարզիչների ցանկը, ովքեր անհրաժեշտ են նախագծի իրագործման համար: Դա արժանացավ իմ և ակումբի բաժնետերերի հավանությանը և նախագիծը հաստավեց: Երիտասարդական թիմերից մինչև առաջին թիմը աշխատելու նրա հսկայական փորձը ընդհանուր առմամբ տեղավորվեցին այն ուղղվածության մեջ, որը մենք ընտրել էինք: Գլխավոր գրավականներից էր նաև այն, որ Տիտոն և իր օգնականները պատրաստ են սովորեցնել հայ մասնագետներին և այս նախագիծը ենթադրում է, որ ակադեմիայի, «Բանանց-2»-ի և հիմնական թիմի մարզիչներն աշխատեն մեկ համակարգով և զարգանան միասին:

- Կոնկրետ խնդիրներ դրվա՞ծ են ակումբի առջև առաջիկա մրցաշրջանի համար:
- Տիտոն և իր թիմը դեռ շատ քիչ բան են տեսել և նոր են ժամանել: Ձմռանը թիմի կազմը փոփոխությունների կենթարկվի և դրանից հետո ամեն ինչ պետք է անենք եվրագավաթներին մասնակցելու համար՝ կա՛մ առաջնության, կա՛մ գավաթի խաղարկության միջոցով: Եթե հեռուն նայենք, ապա այս տարի մենք մտածում ենք Եվրոպա լիգայում խաղալու մասին, իսկ մյուս մրցաշրջանում, հաշվի առնելով ակումբի պայմաններն ու ֆինանսավորումը, մենք կարող ենք խոսել միայն չեմպիոն դառնալու մասին:

- Առաջին հերթին ինչպիսի՞ աշխատանքներ է պետք կատարել:
- Բացի մարզչի նշած բաներից, մենք պետք է փոխենք նաև ակումբի բժշկական ծառայությունը: Չգիտեմ, թե ինչպես է այլ ակումբներում, բայց այստեղ այն ընդհանրապես բացակայում էր: Կան սենյակներ, հարմարություններ, բայց թիմում ընդամենը մեկ բժիշկ է: Չկա ֆիզիոթերապևտ, վերականգնողական մարզիչ: Հիմա մեզ միացել են այս մասնագետները և դեռևս կլինեն նոր մարդիկ: Նաև Հայաստանում կփորձենք գտնել լավագույն կադրերը: Մասնավորպես, մեզ արդեն միացել երկրորդ բժիշկը «Արարատից»: Այսպես, մենք կփորձենք միասին սովորել և զարգանալ:

- Արդյո՞ք թիմի առջև դրվելու է Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելու խնդիր:
- Հայկական թիմերը ե՞րբ են վերջին անգամ հայտնել խմբային փուլում: Երբե՞ք: Ինքներդ եք պատասխանում, թե որքան բարդ է դա: Ձեր հարցը շատ հետաքրքիր է: Իհարկե շատ ենք ցանկանում, սակայն դա պետք է կապված լինի բյուջեի փոփոխությունների հետ: Կարծում եմ, որ ներքին առաջնությունում արդյունքներ ցույց տալու դեպքում բաժնետերերը կհետաքրքրվեն հետագա զարգացմամբ, քանի որ անհրաժեշտ կլինեն բոլորովի այլ որակի ֆուտբոլիստներ: Պետք է ձգտել դրան և հարցը ճիշտ է բարձրացված: Ամենից գլխավորն այն է, որ եվրագավաթները հայկական թիմերին հնարավորություն են տալիս ոչ միայն ծածկել ծախսերը, այլև գումար վաստակել:

- Ո՞ր երկրներից են լինելու այն ֆուտբոլիստները, ովքեր կհամալրեն թիմի կազմը: Արդյո՞ք շեշտը դրվելու է իսպանացիների վրա:
- Ոչ, որևէ սահմանափակում չի լինելու: Բնականաբար, հիմնական շեշտը դրվելու է հայ ֆուտբոլիստների վրա, ովքեր հիմա «Բանանցում» են կամ այլ հայկական ակումբներում են: Կատարվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սելեկցիոն աշխատանք: Տիտոն չի պնդել, որ անպայման իսպանացիներ են լինելու, մենք այդ մասին շատ դեռ չենք էլ խոսել, բայց շատ կան երկրներ, որոնցում կան տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ: Մեր փիլիսոփայությունը հետևյալն է՝ արտասահմանցի ֆուտբոլիստը պետք է մեկ գլուխ ուժեղ լինի տեղացի ֆուտբոլիստից, այլապես եթե լեգեոները հայ ֆուտբոլիստի մակարդակի պետք է լինի, նա չի մնա «Բանանցում»: Ես որպես «Բանանցի» ներկայացուցիչ դժգոհ եմ, որ հավաքականում չկա «Բանանցի» ֆուտբոլիստ: Մենք պետք է հասնենք նրան, որ «Բանանցի» ֆուտբոլիստը խաղա հավաքականում, իսկ դա հնարավոր կլինի միայն լավ արդյունքների միջոցով:

- Որքա՞ն երկար կարող է տևել ակումբի բաժնետերերի համբերությունը հաջողությունների հասնելու առումով:
- Չէի ասի, որ այն կառուցվածքը, որը մենք փորձում ենք ստանալ այս փուլում շատ մեծ ներդրումներ է պահանջում: Մենք որոշակիորեն արդեն փոփոխություններ կատարել ենք և վերաձևավորել ենք ակումբի բյուջեն: Բացի նոր մարզիչների վրա ծախսվող գումարները, «Բանանցն» այս փուլում ավելի շատ գումարներ չի ծախսելու, քան նախորդ տարիներին: Այս վերլուծությունից հետո, ձմռանը կամ հաջորդ մրցաշրջանում, եթե մենք զարգացման ցուցանիշների հասնենք, հնարավոր է, նոր ծախսեր կպահանջվեն, բայց պետք է գումարներ վաստակել եվրագավաթներից: Բաժնետերերը համբերատար են, եթե սկսել են այս նախագիծը: Ինձ մոտ էլ որոշակի վստահություն կա, այդ պատճառով էլ եկել եմ Մոսկվայից: Համբերությունը ֆուտբոլում շատ կարևոր է, համաձայն եմ: Վաղ թե ուշ մենք մեկնելու ենք Հայաստանից և ցանկանում եմ, որ մեր հեռանալուց հետո հայ մասնագետներն ունենան այն ինֆորմացիան և բազան, որը կստանան այստեղ: