Աշխարհում նավթի ամենամեծ արտահանող Սաուդյան Արաբիան առաջին անգամ մտել է Եվրոպայի նավթի շուկա եւ սեպտեմբերի վերջերից սկսել է նավթ մատակարարել Լեհաստան:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռոյթեր» լրատվական գործակալությունը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Եվրոպայի նավթի շուկա Սաուդյան Արաբիայի մտնելը «լուրջ մարտահրավեր» է անվանել, քանի որ սաուդարաբական նավթի' Լեհաստան մուտքը Ռուսաստանին նեղել է այդ երկրի շուկայում. Ռուսաստանը Լեհաստանին տարեկան 20 մլն տ նավթ էր վաճառում:

 

 

Ռուսաստանից արտահանվող նավթի մոտ 40 տոկոսը' տարեկան մոտ 100 մլն տ նավթը գնում է Եվրոպայի հյուսիս: Այդ տարածաշրջանը ռուսաստանյան «Ուրալս» նավթի հիմնական սպառողն է: Սակայն վերջին շրջանում Մերձավոր Արեւելքից նավթի էժան տեսակների եվրոպական շուկաներում հայտնվելու հետ ռուսաստանյան նավթը սկսել է կորցնել իր դիրքերը: Եվրոպական շուկայում Սաուդյան Արաբիայի հայտնվելը մրցակցությունն ավելի է խստացնելու եւ գների հետագա էժանացման պատճառ է դառնալու:

 

 

Virtualaz.org կայքն այդ առնչությամբ հիշեցնում է, որ ադրբեջանական նավթի հիմնական սպառողը եւս Եվրոպայի երկրներն են: Վերջերս ԱՄՆ-ի էներգետիկայի գծով հեղինակավոր Platts գործակալությունը գրել էր, որ Արեւմտյան Աֆրիկայից (Նիգերիա, Անգոլա) նավթի փոխադրումների աճի հետ կապված' եվրոպական որոշ երկրներից, այդ թվում' Ադրբեջանից գնվող նավթի ծավալները նվազելու են:

 

 

Փորձագետների կարծիքով' սեպտեմբերից սկսած Արեւմտյան Աֆրիկայից Եվրոպա օրական 1,6 մլն բարել նավթ է փոխադրվում: Իրավիճակի նման փոփոխությունը կարող է ադրբեջանական նավթի գնորդ ընկերություններին ուղղել դեպի Արեւմտյան Աֆրիկա: Բացի այդ եվրոպական շուկայում Սաուդյան Արաբիայի նավթի հայտնվելը նույնպես անկասկած կմեծացնի ադրբեջանական նավթի հետ կապված մրցակցությունը: Մրցակցությանը դիմանալու համար նավթի վաճառքի միջնորդները ստիպված կլինեն էլ ավելի նվազեցնել վերջերս գրեթե բարելը 50 դոլարով էժանացած ադրբեջանական նավթի գինը, գրում է ադրբեջանական կայքը:

 

 

Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական նավթի հիմնական հաճախորդներից Իսրայելը սկսել է նավթ գնել իրաքյան Քրդստանից: Financial Times թերթի համաձայն' այս տարվա մայիսից մինչեւ օգոստոսի 11-ը Իսրայելը իրաքցի քրդերից 19 մլն բարելից ավելի նավթ է գնել, որի շուկայական գինը մոտ 1 մլրդ դոլար է: Դա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում նավթի իր պահանջարկի երեք չորորդը Իսրայելը փակել է հենց իրաքյան նավթի հաշվին: