Եգիպտոսում A321 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների փորձաքննությունը շատ ինտենսիվ է ընթանում, ներկայումս ճանաչվել են ավիաաղետի արդեն հարյուրից ավելի զոհեր: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նոյեմբերի 6-ին հայտնել էր Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի կործանման 224 զոհերից 58-ի ճանաչման մասին:
«Փորձաքննությունն ընթանում է, այն ընթանում է շատ ինտենսիվորեն: Այսօր հավաքված են բոլոր առաջատար ուժերը, նրանք գտնվում են Սանկտ Պետերբուրգում… Որքան ես եմ հասկանում, արդեն պարզվել է հարյուրից ավելի զոհվածների ինքնությունը»,- ասել է Գոլոդեցը:
Փոխվարչապետը հրաժարվել է զոհվածների մարմինների վրա պայթյունի հետքերի վերաբերյալ տվյալները մեկնաբանելուց: «Ես չեմ կարող մեկնաբանել այդ վարկածը: Դրանով զբաղվում է պաշտոնական հանձնաժողովը, կատարվում է պաշտոնական հետաքննություն, նրանք պետք է պաշտոնապես հրապարակեն այդ տվյալները»,- հավելել է նա:
«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ: Նրանցից ոչ ոք չի փրկվել: Ուղևորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել է 132 պետերբուրգցի, Լենինգրադի մարզի 46 բնակիչ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչ, Ուկրաինայի չորս և Բելառուսի մեկական քաղաքացի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: